Անսահմանության սահմաններում

Vera Mirzoyan
2 min readMar 22, 2020

--

Գեղեցիկ է Տավշո բնությունը (չափազանցություն կամ նմանօրինակություն թող չհնչի, բայց) տարվա բոլոր եղանակներին:

Գարնան նորաբողբոջ ծառերն իրենց ծաղկունքով հրաշագեղ են դարձնում տեսարանը: Երբ դեպի ամառ ենք գնում կակաչներն են բուսնում դաշտերում ու կանաչակարմիր է հագնում բնությունը:

Ամռանն այստեղ զով է. սաղարթախիտ անտառներն ու փարթամ բուսականությունը կարող են երաշխավորել լիարժեք հանգիստդ, եթե միայն տեղի բնակիչ չես. տեղացիները հանգստին բավական ժամանակ տրամադրելու համար անվերջ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

Աշնանը… աշունը մեր լեռներում նկարագրելու համար երևի թերանամ: Դժվար է բնութագրել պաշտելի եղանակի հրաշագեղությունը, ինչպես սիրելի էակին: Բավական է զգալ:

Ամեն դեպքում հրաշքը կսահմանափակեմ բառային չնչին կրկնության մեջ, որպեսզի ընթերցողը մի քիչ տեղեկանա. անվերջանալի թվացող աշուն անտառներ, որտեղ հրաշք նկարիչը, չգիտես էլ որտեղից, հնարել է այդ գոյություն չունեցող գույները ու վրձնի մի հարվածով գունավորել տեսարանը, որտեղ գետնին փռված է աշնանային «խշ-խշ» գորգը, ու լռում եմ…

Ձմեռը նույնպես տարբեր է մեր մոտ. ճերմակությունն իր հետ անեղծ գեղեցկություն է բերում, մյուս կողմից վտանգավոր, երբեմն՝ անանցանելի դարձնում ճանապարհը:

Վայրի է Տավշո աշխարհը: Լեռնային բնությունը հարուստ է սուր քարաժայռերով, որոնք այնքան կտրուկ ու միանգամից են գահավիժում՝ թվում է՝ անուշադիր մի շարժում, և նույնիսկ հայացքդ կարող է վնասվածք ստանալ: Ինձ թվում է՝ Տավշո աշխարհի հենց այս անկյունում է տեղի ունեցել դեպքը, որ պատմում էր վարորդը:

Ուսանողական կյանքիս ամենահաճելի պահը տուն գնալն է: Իսկ երևույթն ավելի հրաշալի է դառնում հրաշք բնության ուղեկցությամբ: Միշտ հակասում են մտքերս. տուն գնալիս պաշտում եմ ճանապարհը, հակառակ ուղղությամբ՝ տանել չեմ կարողանում, տուն գնալիս չորս ժամը դար է տևում, հակառակ ուղղությամբ՝ վայրկյան… Տարօրինակ է մարդ արարածի ուղեղի և սրտի ֆունկցիաների պարադոքսալ փոփոխությունը:

Մի անգամ՝ տնից վերադառնալիս, վարորդն ինձ մի դեպք պատմեց: Ասում է. «Ստեղեք էր՝ Իջևանի, Դիլիջանի յալերմը: Մթին: Մեկ էլ տեսա մի զիգզագաձև զատ թռավ ավտոյի վրա: (Ծի էր:) Էն ձև տվուց, ավտոյի ժեշտը կպցրուց ռուլից: Մատներս զոռով հանեցի արանքից…»:

Անկեղծ ծիծաղեցի՝ մոռանալով տնից ետ գնալու մշտական տխրությունս: Շամշադինի բարբառով պատմում էր, որ մի անգամ Իջևանից Դիլիջան ընկած տարածքում, մթության քողի ներքո մի ձի է հանկարծակի ցատկել մեքենայի վրա: Այնպիսի ուժով է հարվածել, որ մեքենայի տանիքային հատվածի մետաղը սեղմվել է ղեկին, ու ինքը մի կերպ է կարողացել մատները դուրս հանել երկուսի մեջտեղից:

Կարծում եմ մի քիչ չափազանցրեց՝ ավելի տպավորիչ թվալու համար, ամեն դեպքում ինձ մի հարց հետաքրքրեց.

- Իսկ ձի՞ն:

Ձին, մեքենան ավիրելով, ցատկել, հեռացել էր:

- Էտ ավտոն դեն քցեցինք էլի,- ավելացնում է վարորդը, որ դեպքից հետո մեքենան դեն են նետել: Ու ես արդեն համոզվում եմ՝ չափազանցնում է: Դա բնորոշ է նրան: Այսպես ավելի է գրավում իր պատմություններով ու ավելի լսելի դարձնում դրանք:

Ամեն դեպքում կարևորը, որ ձին անվնաս հեռացել է ու անհետացել հրաշք բնության անսահմանության սահմաններում… (16.04.18)

--

--

Vera Mirzoyan
Vera Mirzoyan

Written by Vera Mirzoyan

The Sunflower Girl 🌻The girl with a yellow jacket 💛 ig: sunflo.wer___

No responses yet